14 նոյեմբերի 2009 - 14:09 AMT
Nabucco-ն խնդիրներ ունի ռեսուրսային բազայի հետ կապված
Nabucco գազամուղի նախագծում շատ չլուծված հարցեր կան, որոնցից մեկը ռեսուրսային բազան է: Այդ մասին Բաքվում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիեւը:

«Nabucco-ի համար միակ ռեսուրսային բազան այսօր Ադրբեջանն է: Այսօր մեզանից այս նախագծում ոչինչ կախված չէ: Մենք ամեն ինչ արեցինք, եւ այժմ միայն սպասում ենք հետագա առաջընթացին նախագծում»,-ասել է նախարարը, գրում է Trend Capital-ը:

7,9 մլրդ եվրո արժողությամբ Nabucco գազամուղի շինարարությունը նախատեսվում է 2011թ.: Առաջին առաքումները նախատեսվում են 2014թ.: Խողովակաշարի առավելագույն հզորությունը կկազմի տարեկան 31 մլրդ խմ:

Նախագծի մասնակիցներիներ են` ավստրիական OMV-ն, հունգարական MOL-ը, բուլղարական Bulgargaz-ը, ռումինական Transgaz-ը, թուրքական Botas-ը եւ գերմանական RWE, որոնցից յուրաքանչյուրը հավասար մասնաբաժին ունի` 16,67 տոկոս:

Նախագծի ընդհանուր արժեքի 30 տոկոսը կներդնեն Nabucco-ի բաժնետեր Gaz Pipeline International-ը, մնացած 70 տոկոսը կվճարվի վարկերի հաշվին: