14 նոյեմբերի 2009 - 18:12 AMT
Դերենիկ Ոսկանյան. «Ես լայն ընտրություն ունեմ Վաչիկ Մկրտչյանի հուշամրցաշարում»
Վաչիկ Մկրտչյանի հուշամրցաշարին, որն արդեն 3-րդ օրն է, ինչ ընթանում է «Դինամո» մարզասրահում, մասնակցում է 17-18 տարեկան 122 բռնցքամարտիկ Հայաստանի տարբեր մարզերից:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ բռնցքամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանն ասել է, որ այս տարի հուշամրցաշարին բազմաթիվ լավ բռնցքամարտիկներ են մասնակցում: «Անցյալ տարվա պատանիները հիանալի են հանդես գալիս այս մրցաշարում: Ես ամենալայն ընտրությունն ունեմ, լավագույն 33 բռնցքամարտիկները կընդգրկվեն ՀՀ երիտասարդական հավաքականում, որը դեկտեմբերի 10-ից կսկսվի Ծաղկաձորում»,-ասել է Ոսկանյանը:

Ըստ Ոսկանյանի, ապրիլին տեղի կունենա Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը: Դեռեւս պարզ չէ, թե քանի բռնցքամարտիկ կներկայացնեն Հայաստանը: «Եվրոպայի առաջնությունը նախապատրաստական փուլ է 2010թ. Սինգապուրում կայանալիք Օլիմպիական խաղերից առաջ»,-ասել է գլխավոր մարզիչը: