16 նոյեմբերի 2009 - 16:40 AMT
Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների աճած քանակը իշխանությունների քաղաքականության հետեւանքն է
Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները չեն նվազում, այլ աճում են: Եւ այդ գործընթացը բնական չէ, այլ հայկական իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքն է: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության վարչության անդամ Վահան Շիրխանյանը: Նրա խոսքով, մարտահրավերների քանակը սկսեց աճել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին զուգահեռ: «Այդ մարտահրավերներին կարելի է դիմակայել միայն Հայաստանի իշխանությունների ու ժողովրդի միավորման եւ սեփական իշխանության հանդեպ հասարակության վստահության դեպքում»,- նշեց Շիրխանյանը` ավելացնելով, որ ներկայումս Հայաստանում այդ ամենը բացակայում է:
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Վարդան Խաչատրյանն իր հերթին համաձայնեց Շիրխանյանի հետ` ավելացնելով, որ ինչպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բանակցային գործընթացները փաստարկների, ապացույցների եւ հակափաստարկների կարիք ունեն: