16 նոյեմբերի 2009 - 19:02 AMT
Մարիամ Սուխուդյանի գործն ուղարկվել է լրացուցիչ հետաքննության
Երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի գործը ուղարկվել է լրացուցիչ հետաքննության: Ինչպես հայտնեց փաստաբան Նոնա Գալստյանը, նախնական հետաքննության ողջ ընթացքում առաջին անգամ իրավապահ մարմինները բավարարեցին պաշտպանության կողմից ներկայացված երկու միջնորդությունները:
Ներկայումս Մարիամ Սուխուդյանը մեղադրվում է զրպարտության մեջ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդվածի 1-ին կետով: Նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության քրեական գործերի Էրեբունու վարչության քննիչները մի քանի անգամ փոխեցին Մարիամ Սուխուդյանի դեմ ուղղված մեղադրանքի հոդվածը: Մարիամ Սուխուդյանն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված ոչ մի հոդվածով:
Լրացուցիչ հետաքննությունը կվարի քննիչ Վիգեն Մեսրոպյանը, որը մինչեւ հիմա անցկացնում էր տվյալ գործով քննչական գործողություններ: «Մենք հույս ունենք, որ վերջնական արդյունքում արդարությունը կհաղթանակի եւ Մարիամ Սուխուդյանը կարդարացվի, իսկ պատիժը կկրեն իրական մեղավորները»,- հայտարարեց փաստաբան Նոնա Գալստյանը:
Հիշեցնենք, որ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ թիվ 2105809 քրեական գործը հարուցվել է Հանրային հեռուտաընկերության 2008թ. նոյեմբերի 13-ի հեռուստահաղորդման հիման վրա, որտեղ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի սաներից մեկը պատմում էր ուսուցչի կողմից կատարված սեռական ոտնձգությունների մասին: Սկզբում Մարիամ Սուխուդյանը հրավիրվեց քննչական բաժին` որպես վկա: Հետո` 2009թ. օգոստոսի 11-ին, նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդվածի 1-ին կետով` զրպարտություն: Օգոստոսի 15-ին մեղադրանքը վերաորակավորվեց ,սուտ մատնությունե` 333 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ: Հոկտեմբերի 21-ին մեղադրանքը կրկին վերաորակավորվեց նախկին հոդվածով` զրպարտություն, հաղորդում է ԷկոԼուրի մամլո ծառայությունը: