18 նոյեմբերի 2009 - 14:41 AMT
Ադրբեջանը յուրացնում է հայկական մշակույթը
Հայաստանի Գեղեցիկ արվեստների ակադեմիան արդեն 4-րդ անգամ է, ինչ մասնակցում է Մոսկվայում «Ազգային տարազ» միջազգային մրցույթին: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է ակադեմիայի ռեկտոր Էդուարդ Սեդրակյանը: Նրա խոսքերով, նման մրցույթներում հաճախ հակասություններ են առաջանում Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ մշակութային պատկանելության հարցերում` երաժշտության, տարազների, զարդերի, նախշերի առումով: Ընդ որում, նա նշել է, որ նման մրցույթների ժամանակ ադրբեջանական կողմը կասկածներ է հայտնում այն առումով, թե իրրոք այդ ազգային տարրերը բնորոշ են հայկական մշակույթին:
«Դա մեր մեղքն է: Մենք անտարբեր ենք եւ անուշադիր ինքներս մեզ եւ սեփական մշակույթի հանդեպ»,-ասել է Էդուարդ Սեդրակյանը` հավելելով, որ հայ երեխաները պետք է հայեցի կրթություն ստանան:
Իր հերթին «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը հայտարարել է, որ Ադրբեջանը մի քանի անգամ տարվա ընթացքում ցուցահանդեսներ է կազմակերպում Եվրոպայի տարբեր երկրներում` ներկայացնելով իր մշակույթը: «Մեր մշակույթին բնորոշ գորգերի նախշերը նրանք ներկայացնում են որպես ադրբեջանական»,-ասել է Ադիբեկյանը` հավելելով, որ եթե Հայաստանը որոշի նույնը ներկայացնել, իր մշակույթի շրջանակներում, ապա դա արդեն կընկալվի որպես ադրբեջանական մշակույթի մաս: