18 նոյեմբերի 2009 - 15:07 AMT
ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի մոտեցումները Հայոց ցեղասպանության մասին օրենքի անհրաժեշտության մասին համընկնում են
«Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) եւ Դաշնակցության մոտեցումները Հայոց ցեղասպանության մասին օրենքի անհրաժեշտության մասին համընկնում են, քանի որ դեռ երկու ամիս առաջ նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկավ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը»,-մամլո ասուլիսում ասել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Համայակ Հովհաննիսյանը:

Ըստ Հովհաննիսյանի, վերոնշյալ քաղաքական ուժերը մոռացել են, որ դեռեւս 2002թ. նա ինքը եւս հանդես եկավ նման նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ-ում, որն ընդգրկվեց օրակարգում, սակայն այն ժամանակվա խոսնակ Արմեն Խաչատրյանի նախաձեռնությամբ, չքննարկվեց: «Պետք է նշեմ, որ 2002թ. ՀՅԴ խմբակցությունը չընդդիմացավ նման որոշմանը»,-ասել է Հովհաննիսյանը:

Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին այն մասին, թե կապված է արդյոք ՀՀ կառավարության բացասական վերաբերմունքը նման օրինագծին պատմական հարցերով հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծման հետ, նա նշել է, որ նման կապ կա: «2002թ. ինձ եւս փորձեցին խանգարել հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի գործունեության պատճառով, սակայն ես հասա նրան, որ հարցն ընդգրկվեց խորհրդարանի օրակարգում»,-ասել է քաղաքագետը: