18 նոյեմբերի 2009 - 19:17 AMT
Հայ ուսանողները կտրականապես դեմ են ամենամսյա կրթաթոշակների վերացմանը
Նոյեմբերի 17-ին «Ուսանողն այսօր» խորհրդաժողովում ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, թե կրթության նախարարությունը մտադիր է չեղյալ հայտարարել ամենամսյա ուսանողական կրթաթոշակը, որը 1990-ականներից ի վեր կազմում է 5 հազար դրամ: Ըստ նրա, այդ գումարը կուղղվի ուսանողական վարկերի տրամադրմանը, որոնք հասու կլինեն ուսանողների լայն շրջանակի համար:
PanARMENIAN.Net-ի թղթակիցը որոշեց պարզել, թե ինչ կարծիքի են այդ մասին ուսանողները եւ խնդրեց մեկնաբանել նախարարի այդ հայտարարությունը ԵՊՀ-ի ուսանողներին:
«Այսօրվա դրությամբ 5000 դրամը թույլ չի տալիս հոգալ ուսանողի նույնիսկ նվազագույն պահանջները: Սակայն, ցանկացած դեպքում, կրթաթոշակը ուսանողների խրախուսման միջոց է, եւ այստեղ արդեն գումարը կարեւոր չէ: Կրթաթոշակը վարկ չի ուսանողի համար, դա ամսեկան անհատույց գումար է եւ ուղղելով այն վարկավորման, անհավասար պայմաններ կստեղծվեն ուսանողների շրջանում: Ես դեմ եմ կրթաթոշակների վերացմանը, քանի որ թոշակը ուսանողի առաջին սեփական գումարն է, եւ եթե այն չի բավականացնում, ավելի լավ կլիներ, որ հոգ տարվեր այն մասին, որ կրթաթոշակով հնարավոր լիներ փակել ուսանողնի սննդի եւ տրանսպորտի նվազագույն ծախսերը»,-ասել է ԵՊՀ պատմության բաժնի ուսանողուհի Անի Պապոյանը:
Ըստ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհու, որը չի ցանկացաել նշել իր անունը, նախարարություան այդ մտադրությունն անհեթեթություն է:
Արմեն Աշոտյանը խոստացավ ուսանողական վարկավորման մեխանիզմների ծրագիրը նախագծի տեսքով ներկայացնել ուսանողներին եւ քննարկել նրանց հետ բոլոր հարցերը: