19 նոյեմբերի 2009 - 16:08 AMT
Բաքուն չի կարողանում Թուրքիայի հետ պայմանավորվել գազի գնի հարցում
Նոյեմբերի 16-ին Ադրբեջանն ու Թուրքիան երկու երկրների դիվանագիտական հարաբերություններում սառեցման պայմաններում էներգակիրների առքի շուրջ բանակցությունների նոր ռաունդ բացեցին: Բուլղարիա, Իրան ու Ռուսաստան գազի մակատարարումների մասին վերջին համաձայնությունները հիմք են տալիս ենթադրելու, որ Բաքուն արտահանման այլընտրանքային տարբերակներ է դիտարկում` որպես Անկարայի վրա ճնշում գործադրելու եւ ադրբեջանական գազի առքի գների զգալի բարձրացման գնալ ստիպելու միջոց:
Ինչպես գրում է EurasiaNet-ը, Բաքուն եւ Անկարան չեն կարողանում պայմամավորվել գազի փոխընդունելի գնի մասին, թեեւ բանակցություննրն ընթանում են 2008-ի ապրիլից: Ադրբեջանը հայտարարում է, որ 2001թ. հաստատված գինը` 120 դոլար հազար խորանարդ մետր գազի համար, որն այժմ վճարում է Անկարան, 30 տոկոսով քիչ է միջազգային գներից եւ չի համապատասխանում գազի նոր ծավալներին, որը ծրագրվում է արտահանել ադրբեջանական Շահ-Դենիզ հանքավայրի յուրացման երկրորդ փուլում: Բաքուն ձգտում է Անկարայի վճարած գնի կրկնապատկմանը` մինչեւ 250 դոլար հազար խորանարդ մետր գազի համար:
Հոդվածում հիշեցվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերին հայտարարել էր` քանի որ Անկարայի հետ բանակցությունները փակուղի են մտել, Բաքուն արտահանման այլընտրանքային տարբերակներ է դիտարկելու` ներառյալ գազի վաճառքը Ռուսաստանին, Իրանին ու Բուլղարիային:
Այդ միջոցին հոկտեմբերի 29-ին CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտարարեց, որ այն գինը, որը Թուրքիան վճարում է Շահ-Դենիզ հանքավայրի գազի համար, քննարկվում է թուրքական խողովակաշարերով Եվրոպայի երկրներ փոխադրվող ադրբեջանական գազի համար փոխադրման գների մասին պայմանավորվածությունների փաթեթի շրջանակներում: Անկարան Բաքվին «միանգամայն մրցունակ» գին է առաջարկել` 2 դոլար 36 ցենտ ադրբեջանական գազի հազարավոր խորանարդ մետրերը թուրքական տարածքի յուրաքանչյուր հարյուր կիլոմետրով փոխադրելու համար, դա 24 ցենտով պակաս է նույն տարածքի համար ռուսական սակագնից, հայտնեց նախարարը:
«Երկու վաղեմի դաշնակիցների միջեւ առքի գների հարցում ծագած տարաձայնությունների կարգավորմանը խանգարում է այդ երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների սառեցումը: Հոկտեմբերի 10-ին Թուրքիայի ու Ադրբեջանի հակառակորդ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների ստորագրումը Բաքվին ստիպեց նյարդայնանալ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի հանդիպմանը, որին ներկա էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ադրբեջանական դրոշ ցուցադրելու վրա դրված ուրքական արգելքի հետ կապված միջադեպը եւ Ադրբեջանի կողմից թուրքական դրոշները Բաքվի գերեզմաններից մեկում հանելը նպաստեցին հարաբերությունների հետագա սրմանը: Այդ ժամանակից ի վեր բոլոր դրոշները վերադարձվել են նախկին տեղերը, բայց իրադրությունը կասկածելի կերպով պահպանվում է»,- նշում է EurasiaNet-ը: