19 նոյեմբերի 2009 - 20:39 AMT
Հայաստանի տնտեսական զարգացման երաշխիք կարող են դառնալ միայն ամենալուրջ բարեփոխումները
«Այսօր Հայաստանում գործում է օլիգոպոլ-մենաշնորհային եւ քրեական տնտեսական համակարգը, որի ակնառու ներկայացուցիչները պատգամավորական պաշտոններ են զբաղեցնում»,- նոյեմբերի 19-ին 2010թ. ՀՀ պետբյուջեի քննարկման ժամանակ խորհրդարանում հայտնեց Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:

Պատգամավորի խոսքով, այդ իրադրությունից կարող է ելք դառնալ միայն ամենալուրջ քաղաքական ու տնտեսական բարեփոխումները, հակառակ դեպքում Հայաստանն անհասկանալի ու անհեռանկարային դրության մեջ կհայտնվի:

Ողջունելով գոյություն ունեցող կլաների եւ հանցավորության դեմ համապատասխան քայլեր իրականացնելու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը` Դալլաքյանը նշեց, որ Տիգրան Սարգսյանն իր համարձակ նախաձեռնություններով կարող է հաջողության հասնել միայն երկրի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից լիակատար աջակցության դեպքում: