20 նոյեմբերի 2009 - 11:22 AMT
Սենատի մեծամասնության առաջնորդը սատարում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւին
Սենատի մեծամասնության առաջնորդ Հարրի Ռեյդը հայտարարել է, որ սատարում է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունմանը: Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի` ANCA, PanARMENIAN.Net-ի ստացած հայտարարության մեջ: «Մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել Սենտաի մեծամասնության առաջնորդ Հարրի Ռեյդին` Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարին միանալու համար: Մենք հուսով ենք, որ արդյունավետ համագործակցություն կծավալենք Ռեյդի եւ Սենատում նրա գործընկերների հետ, եւ հուսով ենք, որ բանաձեւը կներկայացվի արտաքին հարաբերությունների կոմիտեի քվեարկությանը եւ կընդունվի Սենատի կողմից»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւին միանալու սենատոր Ռեյդի հայտարարությունը հնչեց հենց այն ժամանակ, երբ ընթացքի մեջ է ԱՄՆ հայերի կազմակերպած «Հետհաշվարկ Էրդողանի համար» քարոզարշավը: Արշավի առաջին շաբաթում ակցիայի մասնակիցները հազարավոր նամակներ են հղել սենատորներին` կոչ անելով ընդունել Սենատ ներկայացված բանաձեւը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին:

Ընթացիկ տարվա հոկտեմբերին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ, Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից, սենատոր Ռոբերտ Մենենդեսը եւ սենատոր Ջոն Էնսայնը ԱՄՆ Սենատ ներկայացրեցին թիվ 316 բանաձեւը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: