20 նոյեմբերի 2009 - 12:16 AMT
ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանին աջակցող խմբի անդամների թիվը հասել է 148-ի
ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանին աջակցող խմբի կոնգրեսականների թիվը հասել է 148-ի: Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ), խմբին միացել են դեմոկրատ Կրիս Մերֆին եւ հանրապետական Զակ Ուոմպը:

Կոնգրեսական Մերֆին վերընտրվել է երկրորդ անգամ Կոնեկտիկուտի նահանգից եւ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի համահեղինակներից է: Մերֆին էներգետիկայի եւ առեւտրի կոմիտեների անդամ է, ինչպես նաեւ աշխատել է առողջապահության եւ հեռահաղորդակցությունների ենթակոմիտեներում: Ուոմպը եւս Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւերից մեկի նախագծի համահեղինակ է եւ Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեի անդամ:

Կոնգրեսական Ուոմպը կարեւոր դերակատարություն ունի Թուրքիայի կողմից շրջափակման մեջ գտնվող Հայաստանի ֆինանսավորման հարցում:

«ԱՀՀ ջանքերը շարունակում են պտուղներ բերել Կոնգրեսում: Մենք ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն կոնգրեսականներ Մերֆիի եւ Ուոմպի հետ հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ամրապնդման հարցում»,-ասել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին` հավելելով, որ ԱՄՆ-ն կարեւոր դերակատարություն ունի ապաշրջափակման եւ առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: