20 նոյեմբերի 2009 - 20:15 AMT
Երեւանում քննարկվում է «Սեւծովյան տարածաշրջանում խաղաղության կառուցման պլատֆորմը»
Այսօր Քաղաքացիական ազգային նախաձեռնության (ՔԱՆ) դահլիճում տեղի ունեցավ «Սեւծովյան տարածաշրջանում խաղաղության կառուցման պլատֆորմի» (ՍՏԽԿՊ) հայաստանյան նախաձեռնության մեկնարկին նվիրված աշխատանքային քննարկում, որը կազմակերպել էին ՔԱՆ-ը եւ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը (ԳՏՀՎԿ): Մասնակցում էին հասարակական կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ եւ փորձագետներ:
Քննարկման մասնակիցները կարեւորեցին Սեւծովյան տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ ամրապնդման նպատակով տարածաշրջանի քաղաքացիական հասարակությունների բոլոր մտահոգ ներկայացուցիչների ջանքերի միատեղումը եւ համակարգումը: Այս առումով նրանք պատրաստակամություն հայտնեցին մաս կազմել ՍՏԽԿՊ տեղական` հայաստանյան նախաձեռնությանը: Հավաքի վերջում մասնակիցները պայմանավորվեցին շարունակել աշխատանքային քննարկումների եւ այլ միջոցառումների անցկացումը` ՍՏԽԿՊ հայաստանյան նախաձեռնության ամրապնդման նպատակով:
«Սեւծովյան տարածաշրջանում խաղաղության կառուցման պլատֆորմի» հայաստանյան խումբը բաց է լինելու եւ նրանում կարող են ընդգրկվել ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպությունները, վերլուծական կենտրոնները (Think Tank) այնպես էլ հակամարտությունների կարգավորման հարցերում մասնագիտացած անկախ փորձագետներ: Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը եւ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը կոչ են անում տարածաշրջանում խաղաղության, կայունության ամրապնդման, համագործակցության զարգացման հարցերով հետաքրքրված բոլոր հասարակական կազմակերպություններին ու անհատ փորձագետներին` միանալ ՍՏԽԿՊ Հայաստանյան նախաձեռնությանը: