1 մարտի 2002 - 21:17 AMT
ԱՄՆ-Ն ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՏԵՍՆԵԼ ԱՐԴԱՐ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ
Վաշինգտոնը ցանկանում է դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդար եւ կայուն խաղաղության հաստատման, այսինքն ղարաբաղյան հակամարտության լիակատար եւ վերջնական կարգավորման վկան: Այս մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոս Ուիլսոնը: Ինչպես հաղորդում են Բաքվի աղբյուրները, նրա կարծիքով, սխալ կլիներ հավասարության նշան դնել Լեռնային Ղարաբաղի եւ այն իրադարձությունների միջեւ, որոնք տեղի են ունենում Պանկիսի կիրճում: Այդ պատճառով չարժե սպասել, որ Ադրբեջանում կհայտնվեն ամերիկյան հատուկ նշանակության ջոկատները Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական գործողություն անցկացնելու նպատակով, նշել է դիվանագետը, ավելացնելով, որ ԱՄՆ-ն հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու օգտին: Միեւնույն ծամանակ նա հերքել է հաղորդագրությունը Մինսկի խմբում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռուդոլֆ Պերինայի հայտարարության կապակցությամբ, ըստ որի իբր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հիմնական հարցերը արդեն 80 տոկոսով համաձայնեցված են կողմերի միջեւ: Նրա խոսքերով, դա կամ ապատեղեկատվություն է, կամ էլ լրագրողները սխալ են հասկացել Ռ. Պերինային: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: