23 նոյեմբերի 2009 - 14:50 AMT
«Արմենբրոկը» սեմինարներ կանցկացնի կապիտալի շուկայի մասին բնակչության գրագիտությունը բարձրացնելու համար
«Արմենբրոկ» ԲԲԸ ներդրումա-կոնսալտինգային եւ բրոկերային ընկերությունը ծրագրել է սեմինարներ կազմակերպել Հայաստանի կապիտալի շուկայի մասին` բնակչության լայն խավերի շրջանում տեղեկատվական գրագիտության բարձրացման համար: Այդ մասին PanARMENIAN.Net -ի լրագրողի հետ զրույցում ասաց գլխավոր տնօրեն Արամ Քայֆաջյանը: «Ընդամենը մեկ շաբաթ անց ընկերությունը շահագրգիռ կողմերի համար կազմակերպելու է սեմինարներ, հնարավոր է, որ հրավիրվեն նաեւ ԶԼՄ-երի ներկայացուցիչներ»,- ասաց նա:
Ընկերության գլխավոր տնօրենը միաժամանակ ավելացրեց, որ Հայաստանում կուտակային շուկայի զարգացման համար անհրաժեշտ է, որպեսզի երկրի կառավարությունն ու ֆոնդային բորսան այս հարցում միասնական ուժերով աշխատեն: «Չգիտեմ, թե ինչ են մտածում բրոկերային մյուս ընկերությունները, բայց մենք նպատակ ունենք ակտիվորեն աշխատել այդ ուղղությամբ», - ասաց նա:
«Արմենբրոկ» ԲԲԸ-ն Հայաստանի կապիտալի շուկայում առաջադեմ մասնագիտացված ներդրումային ընկերություններից է: Ունի 14 տարվա գործունեության պատմություն, ներկայացնում է ներդրումային ծառայությունների ողջ համալիրը, այդ թվում նաեւ` թանկարժեք թղթերի տեղադրում, նաեւ բիզնես -խորհրդակցություններ է անցկացնում: «Արմենբրոկ» ԲԲԸ-ը, որն ունի ավելի քան 1,1 մլրդ դրամ կապիտալ, ներկայում խոշորագույն ընկերություններից մեկն է, որն իրականացնում է ներդրումային գործունեություն Հայաստանում: