23 նոյեմբերի 2009 - 16:25 AMT
Թուրքիայի նախագահը խոսում է Հայաստանի հետ հարաբերությունների «պատմական շրջադարձի» մասին
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը խոսում է Հայաստանի հետ հարաբերությունների «պատմական շրջադարձի» մասին: Ինչպես գրում է իտալական La Stampa թերթը, Թուրքիայի նախագահը նշել է, որ «արգելքը շուտով կվերանա»: «Պայմանագրից հետո, որը մենք հոկտեմբերին ստորագրեցինք Բեռնում, «տեխնիկական» ժամանակ կպահանջվի, քանի որ փաստաթուղթը պետք է քննարկման ենթարկվի երկու երկրների խորհրդարաններում: Բայց հետո դեսպանների փոխանակություն եւ ցամաքային սահմանի բացում տեղի կունենա: Օդային տարածքը վաղուց արդեն բաց է»,- ասել է Գյուլը:

Դրա հետ մեկտեղ նա նկատել է, որ երկրում ժողովրդավարության մակարդակի բարձրացման հետ միասին վերանում են տաբուները: La Stampa-ն ընդգծում է, որ նախագահ Գյուլը գիտակցել է, որ 2008թ. օգոստոսին Կովկասում տեղի ունեցած պատերազմից հետո Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ժամանակն է: «Երբ խնդիրները սառեցված են մնում, դրանք չի կարելի լուծել` կրկին դնելով սառնարանում: Դա ամենից հեշտն է, ոչ մի ռիսկ չկա, բայց տարածաշրջանը կայունության ու համագործակցության կարիք ունի: Եւ Հայաստանն այդ տարածաշրջանում է տեղակայված: Այն, ինչ տեղի կունենա այդ երկրում, բարենպաստ ազդեցություն կունենա շատ ուղղություններով, կտարածվի հեռավոր տարածության վրա»,- ասել է թուրք առաջնորդը:

Գյուլը համաձայնել է այն բանի հետ, որ Անկարայի ու Երեւանի միջեւ հարաբերությունների զարգացմանն ուշադրությամբ հետեւում է Բաքուն: Չկարգավորված է մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, բայց Գյուլը հավատում է, որ Երեւանն ու Բաքուն կգտնեն լուծումը: Խոսելով այն մասին, որ արեւմտյան երկրները աջակցություն են ցուցաբերել Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների ապաշրջափակման գործում, նախագահ Գյուլը նշել է, որ այդ գործում ամենագլխավոր դերը խաղաց Ռուսաստանը, որը, Թուրքիայի նախագահի խոսքով, կարեւոր դեր է խաղում նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում:

Այն հարցին, թե արդյոք Թուրքիան իսկապես շրջել է հայկական հարցի վերաբերյալ էջը, Աբդուլլահ Գյուլն ասել է հետեւյալը. «Այո, դա մեր ընտրությունն է: Մենք ամեն հնարավոր բան կանենք: Բայց եւ մյուսները պետք է նույնպիսի մտադրություններ ունենան»: