23 նոյեմբերի 2009 - 18:54 AMT
Հայաստանը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը, որոնք անդամակցում են Էլեկտրոկապի միջազգային միությանը
Նոյեմբերի 26-27-ին Բելառուսիայի մայրաքաղաք Մինսկում կկայանա էլեկտրոկապի միջազգային միության ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հանդիպում:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 25-ին ԱՊՀ անդամ երկրների մյուս գերատեսչությունների ղեկավարների հետ կմասնակցի բարձր մակարդակով անցկացվելիք հանդիպման նախապատրաստական աշխատանքներին, հաղորդում է ՀՀ տրանսպորտի նախարարության մամլո ծառայությունը:

Հանդիպումը հնարավորություն կընձեռի պետական եւ մասնավոր հատվածի ղեկավարներին, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային կառույցներին հաստատելու նոր գործնական հարաբերություններ:

էլեկտրոկապի միջազգային միության ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հանդիպման նպատակը մարդկային, ֆինանսական եւ տեխնիկական ռեսուրսերի մոբիլիզացումն է` տարածաշրջանում թվային ենթակառուցվածքների եւ ծառայությունների արագ անցման համար, ինչը մեծ նշանակություն ունի սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Առաջնահերթ խնդիրներից է նաեւ լայնամաշտաբ ինտերնետի տարածումը, գյուղական բնակավայրերում կապի հնարավարությունների ընդլայնումը:

Հանդիպումը կկազմակերպվի կապի ոլորտում տարածաշրջանային համագործակցության, ԱՊՀ գործադիր կոմիտեի, ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի, ՄԱԿ-ի գլոբալ ալիանսի տեղեկատվա-հաղորդակցական տեխնոլոգիաների եւ զարգացման, Համաշխարհային բանկի եւ Եվրոպական ներդումային բանկի համագործակցությամբ:

Նշենք, որ էլեկտրոկապի միջազգային միությունը կապի եւ ծառայությունների զարգացման համար հանդիսանում է ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կոորդինացիոն կենտրոն եւ իր պատմության 145 տարիների ընթացքում կոորդինացրել է ռադիոհաճախականությունների համատեղ օգտագործումը, ստեղծել համաշխարհային ստանդարտներ եւ այլն: