24 նոյեմբերի 2009 - 11:17 AMT
Հայաստանը կարեւորում է տարածաշրջանային համագործակցության գործընթացները
Ժամանակակից աշխարհում բազմակողմ համագործակցությունը եւ միջխորհրդարանական դիվանագիտությունը մեծ նշանակություն եւ արդիականություն են ձեռք բերում: Մեր պարտքն է աջակցել եւ զարգացնել այդ դրական միտումները: Այդ մասին Մոսկվայում մասնակցեց Ս-ծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Որպես միջազգայնորեն ճանաչված տարածաշրջանային կազմակերպություններից մեկը, Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը տարեցտարի ընդլայնում է գործունեության շրջանակը` դառնալով տարածաշրջանում քաղաքական եւ տնտեսական կայունության կարեւոր գործոն:
«Հայաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային համագործակցության եւ ինտեգրացիայի գործընթացներին. այդ իսկ պատճառով ՀՀ հանդիսացել է ՍԾՏՀ-ի եւ դրա խորհրդարանական կառույցի հիմնադիրներից մեկը: Խորհրդարանների դերը ՍԾՏՀ ԽՎ շրջանակներում կազմակերպության գաղափարները եւ նպատակները տարածելն է: Մեր հետագա օրենսդրական գործունեությունը` ուղղված Սեւծովյան տարածաշրջանում տնտեսական եւ առեւտրային համագործակցությանը, նպաստելու է ոչ միայն մեր ներքին խնդիրների լուծմանը, այլ նաեւ մեր երկրների եւ ժողովուրդների միչեւ վստահությանն ու փոխըմբռնմանը: Հենց այս գիտակցությամբ էլ մենք շարժվում ենք տարածաշրջանային համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ: Դրա մեջ ենք մենք տեսնում ՍԾՏՀ ԽՎ-ի դերն ու նշանակությունը»,-ասել է ՀՀ ԱԺ խոսնակը:
«Հայաստանի խորհրդարանը գիտակցաբար եւ նպատակաուղղված քայլում է տնտեսության եւ առեւտրի հետագա ազատականացման գործընթացին աջակցելու համար օրենսդրական դաշտ ստեղծելու, սոցիալական եւ քաղաքական, մշակույթի, կրթության եւ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում համագործակցելու ուղղությամբ: Ակնհայտ է, որ տնտեսական համագործակցությունը եղել է եւ կմնա մեր ուշադրության կենտրոնում: Տարածաշրջանի համաչափ տնտեսական զարգացման համար կարեւոր նշանակություն ունեն տրանսպորտային միջանցքների զարգացումը եւ ՍԾՏՀ-ի երկրների էներգետիկ անվտանգության ապահովումը: Հայաստանը արդիական է համարում տրանսպորտային ճանապարհների հարցը եւ միջազգային բոլոր համաժողովներում հանդես է գալիս տրանսպորտային համակարգերը Սեւծովյան տարածաշրջանի եվրոպական երկների տրանսպորտային միջանցքներին եւ համակարգերին միավորելու օգտին: Հայաստանի տարածքում միջազգային տրանսպորտային միջանցքները զարգացնելու միջոցառումները կարելի է խմբավորել հետեւյալ ուղղություններով` ընդգրկելով տրանսպորտային գործունեության առավել կարեւոր կողմերը, կապված միջազգային հաղորդակցման` ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների ապահովման հետ.տրանսպորտային ուղիների զարգացում, բեռնափոխադրումների զարգացում, ուղեւորափոխադրումների զարգացում, տրանսպորտային գործունեության անվտանգության մեծացում, տրանսպորտային գործընթացի մասնակիցների տեղեկացվածության բարելավում, գիտահետազոտական աշխատանքների իրականացում, իրավական-նորմատիվային բազայի կատարելագործում, միջազգային ներդրումների ներգրավում:
Գտնում եմ, որ տրանսպորտային համակարգի ինտեգրումը առավել արդյունավետ կլինի, եթե ներգրավված լինեն ՍԾՏՀ-ի բոլոր` 12 անդամ պետությունները: Այդ գործընթացին կնպաստի Սեւծովյան տրանսպորտային օղակ ստեղծելու գաղափարի իրագործումը, որը թույլ կտա միացնել Եվրամիության, Արեւելյան Եվրոպայի, Միջին Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի տրանսպորտային համակարգերը: Մենք համոզված ենք, որ մեր տարածաշրջանի երկրների միջեւ տնտեսական փոխշահավետ համագործակցությունը, տրանսպորտային կոմունիկացիաների հասանելիությունը ու մատչելիությունը կարող են ձեւավորել վստահության մթնոլորտ, որն այդքան անհրաժեշտ է տարածաշրջանի հիմնախնդիրները լուծելու համար: Տարածաշրջանային համագործակցության հենքի վրա էներգետիկ սեկտորի կայուն զարգացումը հանդիսանում է Հայաստանի էներգետիկ քաղաքականության հիմնական առաջնահերթությունը: Այդ քաղաքականությունը հիմնված է բազմազանեցման երեք սկզբունքների իրագործման վրա. այնպիսի սկզունքների, ինչպիսիք են էներգիայի աղբյուրների շահագործումը, էներգիայի մատակարարման տեսակները եւ էներգակիրների փոխադրման տարբեր ուղիները: Այսօր Հայաստանի էներգահամակարգը համարվում է ԱՊՀ-ի տարածքում կայացածներից մեկը: Այն ունի զարգացած ենթակառուցվածքներ եւ հարեւան երկրների հետ միջհամակարգային կապեր: Հայաստանը, Իրանը եւ Վրաստանն ունեն էներգետիկ համակարգերն ինտեգրելու քաղաքականության դրական փորձ: Մենք պատրաստ են Սեւծովյան Էլեկտրաէներգետիկական Օղակի ձեւավորմանն ինտեգրվելու համար կոնկրետ քայլեր կատարել: Եվրոպական Էներգետիկ Խարտիայի շրջանակներում` Հայաստանը պատրաստ է բանակցել ցանկացած երկրի հետ, որը հետաքրքրված է էներգիայի աղբյուրների տարանցման բնագավառում ծրագրեր իրականացնելու մեջ: Էներգետիկայի բնագավառում արդյունավետ համագործակցությունը կապահովի Սեւծովյան տարածաշրջան մատակարարել վստահելի եւ էժան էներգիա, ինչն էլ կնպաստի Սեւծովյան Էլեկտրաէներգետիկ Օղակի ստեղծումը եզրափակիչ փուլ տեղափոխելուն: Ցանկանում եմ ընդգծել, որ էներգետիկ անվտանգության հասնելու համար պահանջվում են էներգետիկ շուկայի բոլոր մասնակիցների համատեղ գործողությունները»,-ասել է Հովիկ Աբրահամյանը: