25 նոյեմբերի 2009 - 14:36 AMT
Ալեքսանդր Մանասյանը խորհուրդ է տալիս անտեսել Իլհամ Ալիեւի հայտարարությունները
Պետք չէ շատ կարեւորել Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, դրանք պետք է անտեսել: Այդ մասին Երեւանում հայտարարել է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը` մեկնաբանելով Ալիեւի նոր պատերազմ սկսելու սպառնալիքները: Ըստ նրա, Ալիեւի հայտարարությունը, հավանաբար, հասցեագրված էր ոչ թե Հայաստանին, այլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, Թուրքիային եւ սեփական ժողովրդին:
Մանասյանը նշել է նաեւ, որ իր հայտարարություններով Ադրբեջանը հիմնականում աշխատում է եվրոպական լսարանի համար եւ այդպիսով փորձում է ճնշում գործադրել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում եւ հասնել հարցի լուծմանն իր օգտին:
Նա նաեւ անդրադարձել է տեղեկատվական պատերազմին Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, նշելով.«Արդեն 20 տարի է ինչ Բաքուն իր հայտարարություններով ներկայացնում է հակամարտությունն այնպես, կարծես Հայաստանը համաձայն է, որ ԼՂՀ մերձակա շրջանները պետք է վերադարձվեն եւ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը եւս վերաբերոմ է երկրների միջեւ տեղեկատվական պատերազմի սրմանը»: Ընդ որում, նա նշել է, որ Հայաստանը համարժեք պատասխան չի տալիս Ադրբեջանին այդ ձեւաչափում: «Հնարավոր է, որ դա բացատրվում է համապատասխան հայեցակարգի բացակայությամբ: Մենք խնդիր ունենք` ձեւավորել Հայաստանի հայանպաստ կերպար, ինչը վերջի 20 տարում մեզ չի հաջողվել»,-ասել է Մանասյանը: