25 նոյեմբերի 2009 - 16:01 AMT
ԵԱՀԿ-ում իր նախագահության շրջանակներում Ղազախստանն իր առջեւ անիրական խնդիրներ չի դնում
ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահությունն ունի ինչպես պատմական, այնպես էլ խորհրդանշական նշանակություն: Առաջին անգամ ԵԱՀԿ-ում նախագահելու է Կենտրոնական Ասիայի մի երկիր, որը նաեւ ԱՊՀ ու ՀԱՊԿ անդամ է: Այդ մասին այսօր Երեւանում, ելույթ ունենալով «Ղազախստանի նախագահությունը ԵԱՀԿ-ում` հնարավորություններն ու հեռանկարները» շնորհանդեսին, լրագրողներին հայտնեց Հայաստանում Ղազախստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նուրբոլատ Ալիմբաեւը:
«2010-ին լրանում է Հելսինկյան Ամփոփիչ արձանագրության ընդունման 35-ամյակը, Փարիզյան խարտիայի 20-ամյակը: Այդ ամսաթվերը մեր առջեւ լուրջ խնդիրներ են դնում, եւ Ղազախստանը կանի ամեն հնարավոր բան, որպեսզի իր առաջնահերթությունները համապատասխանեցնի ԵԱՀԿ առաջնահերթությունների հետ»,- ասաց ղազախ դիվանագետը: Նրա խոսքով, Ղազախստանը ելնում է այն բանից, որ ԵԱՀԿ-ն` որպես անվտանգության հարցերով զբաղվող կազմակերպություն, այլընտրանք չունի: «Կազմակերպությունում մեր նախագահության ընթացքում մենք մեր առջեւ անիրական խնդիրներ չենք դնում: Ղազախստանը ջանում է հասնել առօրյա խնդիրների լուծմանը»,- ասաց Ալիմբաեւը:
Նա ընդգծեց, որ Ղազախստանը կշարունակի ուշադրություն հատկացնել ԵԱՀԿ գործունեության բոլոր երեք հիմնական ուղղություններին` ռազմաքաղաքական, տնտեսաէկոլոգիական եւ հումանիտար: