26 նոյեմբերի 2009 - 20:29 AMT
ԼՂՀ վերաբերող յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է համաձայնեցվի եւ բխի Արցախի շահերից
«Հայաստանի ղեկավարությունը միշտ համարժեք է արձագանքում Ադրբեջանի բարձրաստիճան անձանց ռազմատենչ հայտարարություններին», - Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբավորման ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքերի համաձայն, ադրբեջանական կողմի նախկին բոլոր եւ վերջին հայտարարությունները նրանց անզուսպ մոտեցումն է բանակցությունների հանդեպ եւ ոչ ավելին: Գալուստ Սահակյանը չբացառեց, որ ԼՂՀ-ի դեմ ադրբեջանական կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Հայաստանն իսկապես կունենա օկուպացրած տարածքներ:

Նա նաեւ նշեց, որ Ադրբեջանի նախագահի եւ պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունները հիստերիայի ակնառու արտահայտություններ էին, որը ներքին օգտագործման եւ միջազգային հասարակայնության վրա ճնշում գործադրելու համար էր :

Սահակյանը հերթական անգամ ընդգծեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հիմնական ուժերն ուղղված են ԼՂՀ կարգավիճակի հարցի լուծմանը: Գալուստ Սահակյանի կարծիքով, եթե Ադրբեջանն իսկապես ուզում է հակամարտության շուտափույթ կարգավորման հասնել, ապա պետք է համաձայնի բանակցություններին որպես լիիրավ կողմ Լեռնային Ղարաբաղի մասնակցության փաստի հետ: «Յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է համաձայնեցվի եւ բխի Արցախի շահերից», - նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: