26 նոյեմբերի 2009 - 21:37 AMT
Թբիլիսիի փլուզված Սուրբ Գեւորգ Մուղնեցոց եկեղեցին կվերականգնվի մեկ տարվա ընթացքում
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Տաբատաձեին:
Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական երկկողմ հաբարերություններին վերաբերող հարցեր: Կողմերը համակարծիք են եղել, որ հայ-վրացական հարաբերությունները խարսխված են բարեկամական հիմքերի վրա, եւ որ երկու երկրների միջեւ չկան այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չլինի լուծել համատեղ քննարկումների միջոցով:
Կարեւորվել է Հայաստանի եւ Վրաստանի անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցության խորացումը: Անդրադարձել է եղել նաեւ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ օրակարգային հարցերին, այդ թվում` Ջավախքի խնդիրներին:
Արթուր Բաղդասարյանը բարձրացրել է Վրաստանի տարածքում հայկական եկեղեցապատկան հողերի եւ Ջավախքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցը:
Դեսպանը տեղեկացրել է, որ Թբիլիսիի փլուզված Սուրբ Գեւորգ Մուղնեցոց եկեղեցին, ընդունված որոշման համաձայն, մեկ տարվա ընթացքում կվերականգնվի, իսկ Ջավախքի խնդիրները Վրաստանի իշխանության ուշադրության կենտրոնում են, հաղորդում է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո գրասենյակը: