1 դեկտեմբերի 2009 - 13:25 AMT
Թուրքիայում բոլորը, ներառյալ նորածիններին, էլեկտրոնային հասցե կունենան
70 մլն թուրքերից յուրաքանչյուրի համար 10 գիգաբայտ ծավալով էլեկտրոնային փոստի հասցե կբացվի, իսկ թուրք մանուկներն այսուհետ ծնված օրվանից կստանան անձնագրում գրանցված էլեկտրոնային հասցե:
Այս Anaposta անվանումը կրող պետական նախագիծը նախատեսվում է իրագործել 2010թ.: Թուրքիայի կառավարությունը մշակում է նաեւ ինտերնետում սեփական որոնողական համակարգի ստեղծման նախագիծը: Ըստ թուրքական Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցությունների խորհրդի նախագահ Թայֆան Աքարերի, բոլոր հիմնական որոնողական համակարգերը գտնվում են արտերկրում, ուստի չեն կարող լիովին բավարարել Թուրքիայի կարիքներն անվտանգության ապահովման ոլորտում:
Ըստ Աքարերի, թուրքական որոնողական համակարգը կարող է պահանջված լինել ոչ միայ թուրքերի շրջանում, այլ նաեւ այլ մահմեդական երկրներում: Նա նաեւ հույս է հայտնել, որ նոր ռեսուրսը պահանջված կլինի նաեւ այն երկրներում, որտեղ թուրքական համայնքներ կան, գրում է Haberturk-ը: