2 դեկտեմբերի 2009 - 18:21 AMT
Հունաստանի «Հայ Դատ» կոմիտեն դատապարտում է Բաքվի ապակառուցողական դիրքորոշումը Ղարաբաղի շուրջ բանակցություններում
Հունաստանի «Հայ Դատ» կենտրոնական կոմիտեն դատապարտում է Բաքվի ապակառուցողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում: Ինչպես ասվում է կոմիտեի հայտարարության մեջ, Ադրբեջանի նման դիրքորոշումը հակասում է այն պարտավորություններին, որոնք Բաքուն ստանձնել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու անպատասխանատու վարքը, նա նպատակ է հետապնդում լարված իրադրություն ստեղծել Հարավային Կովկասում: Բաքվի նման վարքը պարզապես ձախողում է միջազգային հանրության ջանքերը` ուղղված հակամարտության կարգավորման ձեռքբերմանը»,- ընդգծված է կոմիտեի հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակները միջազգային հանրությանը, մասնավորապես ԵԱՀԿ-ին կոչ են անում ուժեղացնել միջոցները միջազգային իրավունքի հիման վրա հակամարտության լուծմանը հասնելու համար, գրում է Azad Or թերթը: