7 դեկտեմբերի 2009 - 18:55 AMT
LA Times. Օբամա-Էրդողան հանդիպմանը կշոշափվի Հայոց ցեղասպանության հարցը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը կանդրադառնան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Ամերիկայի հայ համայնքին հղված ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձին:

Ինչպես գրում է ամերիկյան Los Angeles Times թերթը, Բարաք Օբաման խախտեց իր խոստումը, որը տվել էր ԱՄՆ հայ համայնքին նախընտրական քարոզարշավի ժամանակ, եւ 1915թ. իրադարձությունները աշխարհի շատ գիտնականների կողմից ընդունված Հայոց ցեղասպանություն չանվանեց:

Թերթը նշում է նաեւ, որ ամերիկյան վարչակազմը հայտարարում է, թե այդ խնդիրը շատ զգայուն հարց է, որը կարող է արգելքներ ստեղծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի համար եւ խանգարել Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սահմանի բացմանը: «Անհասկանալի է մնում, թե ապագայում ինչ կնախաձեռնի Վաշինգտոնը, եթե հայ-թուրքական երկխոսության մեջ ամեն ինչ հարթ չընթանա»,- գրում է հոդվածի հեղինակը: