8 դեկտեմբերի 2009 - 19:45 AMT
«Արեւելք-Արեւմուտք» կինոփառատոնում կանացի լավագույն դերակատարման համար մրցանակը ստացել է Լորանս Ռիտտերը Լաուրայի դերի համար «Խճճված զուգահեռներ» ֆիլմում
Օրենբուրգում կայացած «Արեւելք-Արեւմուտք» կինոփառատոնում կանացի լավագույն դերակատարման համար մրցանակը ստացել է Լորանս Ռիտտերը Լաուրայի դերի համար ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» հայ-նորվեգական-ֆրանսիական համատեղ ֆիլմում:

«Լ.Ռիտտերը պրոֆեսիոնալ դերասանուհի չէ: Նրա հետ դժվար էր աշխատել: Նրա մասնակցության բոլոր կտորները պետք էր նկարահանել մեկ դուբլով, եւ դրա համար նրան պետք էր մի փոքր զայրացնել: Սակայն այդ դերը նրան էր վիճակված եւ նա խաղաց ինքն իրեն` Լորանս Ռիտտերին: Հենց այդ պատճառով էլ իմ ընտրությունը կանգ առավ նրա վրա»,-ասել է Հ.Գալստյանը:

Ըստ նրա, Լ.Ռիտտերը նկարահանման կեսից հրաժարվեց հետագա աշխատանքից, եւ աշխատանքներն ավարտին հասցվեցին միայն մյուս դերասանների խաղի շնորհիվ, որոնց նկարահանում էին մեջքից կամ այլ ռակուրսներով:
«Խճճված զուգահեռներ» ֆիլմը «Parallels film production» ընկերության առաջին լիամետրաժ ֆիլմն է, այն նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի, նորվեգիական Original films եւ ֆրանսիական Quasar Picturs-ի մասնակցությամբ: Սյուժեն կառուցված է երկու կանանց` մոր եւ աղջկա սիրո պատմությունների զուգահեռների վրա: Կանանցից մեկը ֆաշիստական Նորվեգիայի բնակիչ է, որը թաքցրել է ճամբարից փախած խորհրդային զինվորին, իսկ հետո նրա հետ մեկնել Հայաստան:

Ըստ ռեժիսորի, ֆիլմի մեկ այլ հաղթանակը ֆիլմի անվանումով ավնդական արտամրցութային ծրագրի ստեղծումն է «Արեւելք-Արեւմուտք» կինոփառատոնում:
Մոսկվայի 31-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրի շրջանակներում 2009թ. հունիսին տեղի ունեցավ «Խճճված զուգահեռներ»-ի համաշխարհային պրեմիերան, Եվրոպական պրեմիերան տեղի կունենա 2010թ. հունվարին Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի շրջանակներում:

«Արեւելք-Արեւմուտք, դասականն ու ավանգարդը» միջազգային կինոփառատոնն անցննում էր նոյեմբերի 23-28-ին Օրենբուրգում: Ներկայացված 10 ֆիլմերից միայն երեքն արժանացան մրցանակների: «Խճճված զուգահեռներ»-ից բացի, մրցանակներ ստացան նորվեգական «Թոմմին դժոխքում» ֆիլմը, իսկ տղամարդու լավագույն դերակատարման համար մրցանակ ստացավ սլովենական «Ոչ ոքի տղան» ֆիլմը: