9 դեկտեմբերի 2009 - 20:04 AMT
Երեւանում տեղի կունենա Հայաստանի Ռոբոտների Բաց Առաջնությունը
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ՀՀ վարչապետի Բարձր հովանու ներքո անց է կացնում Հայաստանի Ռոբոտների Բաց Առաջնությունը (ArmRobotics), որը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի նոր մասնաշենքում` Բաղրամյան 40 հասցեում:

Առաջնության անցկացման նպատակն է համախմբել: Առաջնության անցկացման նպատակն է համախմբել երիտասարդ գիտնականներին, ներգրավել սփյուռքի գիտական ներուժը, երիտասարդների մոտ զարգացնել թիմային մտածելակերպը եւ աշխատանքը, խթանել նոր տեխնոլոգիաների մուտքը Հայաստան: Միջոցառման գլխավոր հովանավորն է «Հուրնեթ» ընկերությունը:

Առաջնության ընթացքում կանցկացվի «Իրեր տարբերող եւ դասակարգող» մրցույթի եզրափակիչ փուլը, որը չունի տարիքային սահմանափակում: Մրցույթի մասնակիցները պետք է նախագծեն եւ պատրաստեն ռոբոտ, որը պետք է իրարից տարբերի առարկաները ըստ նրանց երկրաչափական տեսքի: Ռոբոտը պետք է ունենա սահմանափակ քաշ եւ չափսեր, որոնք կհայտարարվեն մրցույթի ժյուրիի անդամների կողմից:

Հաղթող կճանաչվի այն թիմը, որի ռոբոտը նվազագույն ժամանակում եւ նվազագույն սխալներով կկատարի իր առջեւ դրված խնդիրը, - հաղորդում է ԻՏՁՄ մամլո ծառայությունը: