10 դեկտեմբերի 2009 - 17:48 AMT
Հայաստանի ու Լատվիայի պետական համալսարանները մտադիր են համագործակցել
Հայաստան կատարած եռօրյա պետական այցի շրջանակներում Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսն այցելեց Երեւանի պետական համալսարան, որտեղ հանդիպեց ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: «Ես հուսով եմ, որ Լատվիայի նախագահի այցը Հայաստան կծառայի ինչպես երկրների, այնպես էլ Երեւանի ու Ռիգայի պետական համալսարանների միջեւ հետագա համագործակցության զարգացմանը»,- իր ողջույնի խոսքում ընդգծեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Լատվիայի նախագահն իր հերթին նշեց, որ երկրների համալսարանների միջեւ շատ ընդհանուր բան կա, քանի որ երկուսն էլ նման պատմություն ունեն: Ընդ որում նա բարձր գնահատեց Երեւանի պետական համալսարանի գործունեությունը` ընդգծելով, որ կանի ամեն ինչ, որպեսզի նպաստի երկրների համալսարանների միջեւ համագործակցության խորացմանը: