10 դեկտեմբերի 2009 - 18:47 AMT
Էրդողանի արդարացումներն Օբամայի առջեւ Արձանագրությունների վավերացման վերաբերյալ ծիծաղելի են
Թուրքիայի վարչապետի ու ԱՄՆ նախագահի հանդիպումը համապատասխանում էր Թուրքիայի շահերին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի քաղաքական գծով ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, Էրդողանի հայտարարությունն այն մասին, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար պետք է առաջընթաց գրանցվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, վկայում են այն մասին, որ Թուրքիային այս անգամ էլ հաջողվեց իր դիրքորոշումը պարտադրել ԱՄՆ նախագահին:
«Դա առիթ է նրա համար, որ Հայաստանի իշխանությունները հայտարարեն, որ Թուրքիան խախտել է «ֆուտբոլային ժողովրդավարության» կանոններն ու ձախողել է բանակցությունները»,-ասել է Մանոյանը: Ընդ որում նա ուշադրություն է դարձել, որ դեկտեմբերի 7-ին Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովը պետք է եզրակացություն հրապարակեր հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, ինչը չարվեց: «Դա Թուրքիայի սահմանադրության խախտում է երկրի խորհրդարանի կողմից»,-ասել է Մանոյանը:
Ըստ նրա, Օբամայի հետ զրույցում Էրդողանի արդարացումներն այն մասին, թե իշխանությունների գործադիր մարմինը չի կարող ճնշում գործադրել օրենսդիր մարմնի վրա, ծիծաղելի է: Մանոյանը նշել է նաեւ, որ «որքան շատ հայկական կողմը ձգձգի Թուրքիայի հետ բանակցություններից դուրս գալու գործընթացը, այնքան կնվազի բացասական հետեւանքներից խուսափելու հնարավորությունը»;
«Որքան շուտ Հայաստանը հայտարարի այն մասին, որ Թուրքիան խախտել է բանակցային գործընթացի կանոնները, այնքան շուտ կկարողանա զերծ պահել իրեն այն վտանգներից, որոնք սպառնում են նրան»,-ասել է Մանոյանը` հավելելով, որ ժամանակի հետ Թուրքիային կհաջողվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ ճնշում գործադրել Հայաստանի վրա նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: