10 դեկտեմբերի 2009 - 19:53 AMT
ՀՅԴ-ն շարունակելու է հետագայում էլ պայքարել արձանագրությունների վավերացման դեմ
Չնայած, որ ՀՅԴ -ն Հայաստանի խորհրդարանում մեծամասնություն չի կազմում, մենք պետք է փորձենք հասարակության միջոցով պայքարել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ եւ այդ դիրքորոշումը հասցնել ՀՀ ԱԺ պատգամավորներին: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը:
«Հայաստանի համար արձանագրությունները վավերացնելու խելամիտ ժամկետները 2010 թ. փետրվար -մարտն է` Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի նախօրեին: Սակայն Թուրքիան առիթ կգտնի եւ կփորձի ցուցադրել բանակցային գործընթացի շարունակականությունը» , - նշեց Մանոյանը` ավելացնելով, որ Թուրքիայի համար կարեւորը ոչ թե Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելն է, այլ աշխարհին կարգավորման գործընթացը ցուցադրելը, որպեսզի խուսափի գերտերությունների հնարավոր ճնշումներից:
«Թուրքիան խելամիտ ժամկետներ ասելով հասկանում է ղարաբաղյան հակամարտության հարցում ի շահ Ադրբեջանի նպաստավոր տեղաշարժերի պահը», - ասել է Կիրո Մանոյանը: Միաժամանակ նա ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Բաքուն չի հայտարարի, որ Լեռնային Ղարաբաղը դուրս է Ադրբեջանի կազմից: