10 դեկտեմբերի 2009 - 20:29 AMT
Երեւանում տեղի ունեցավ մարդու իրավունքների հարցերի շուրջ ԵՄ-Հայաստան առաջին երկխոսությունը
Երեւանում տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան առաջին երկխոսությունը` մարդու իրավունքների հարցերի շուրջ: Ներկայում ԵՄ-ն մարդու իրավունքներին նվիրված երկխոսության մեջ է ներգրավված աշխարհի ավելի քան երեսուն երկրների հետ:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, մարդու իրավունքների շուրջ ԵՄ-Հայաստան առաջին երկխոսությունն անցավ բաց, բարեկամական եւ կառուցողական մթնոլորտում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմանի հետաքրքրություններ ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ շոշափվեցին համագործակցության կոնկրետ հեռանկարներ:
Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը: Պատվիրակության կազմում էին` ՀՀ արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը, ինչպես նաեւ գլխավոր դատախազության, ոստիկանության, արտաքին գործերի նախարարության եւ ՀՀ պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
ԵՄ պատվիրակությունը գլխավորում էր Շվեդիայի մարդու իրավունքների հարցերով դեսպան Յան Աքսել Նորդլանդերը: Մարդու իրավունքների առաջին երկխոսության օրակարգում էր մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգի, դատական բարեփոխումների իրականացման, ինչպես նաեւ միջազգային կառուցվածքների շրջանակներում համագործակցության հարցեր: