12 դեկտեմբերի 2009 - 17:01 AMT
ՀՀ խորհրդարանի պատգամավորները պատրաստ են օժանդակել երիտասարդ ձեռնարկատերերի գաղափարները
Հայաստանի խորհրդարանի պատգամավորները պատրաստ են օժանդակել երկրի բարօրությանն ուղղված` երիտասարդ ձեռնարկատերերի գաղափարները: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՅ Դաշնակցությունից Ազգային Ժողովի պատգամավոր, տնտեսագետ Արա Նռանյանը:
Տնտեսագետի խոսքով, ինքը ծանոթ էր նման ոչ քաղաքականացված Միության ստեղծման մասին երիտասարդ ձեռնարկատերերի գաղափարին, որի օգնությամբ երիտասարդ ձեռնարկատերերը ցանկանում էին օգտագործել իրենց հնարավորությունները եւ, մասնավորապես, ավելի թափանցիկ բիզնեսի, պետական կառույցների, միմյանց եւ, անկասկած, հասարակության հետ ավելի քաղաքակիրթ հարաբերությունների օրինակ դառնալ: «Ես հուսով եմ, որ այն ձեռնարկատերերը, ովքեր աշխատում են հօգուտ երկրի, ովքեր իրական մթերք եւ աշխատատեղեր են ստեղծում, տարբերվում են իրենց մտածելակերպով, քանի որ իրենց միջոցները ներդնում են իրենց հայրենիքում եւ անձնական շահագրգռվածություն ունեն, որպեսզի երկիրը բարգավաճի, որպեսզի ինքը վճարի հարկերը եւ անձնական շահ ունի հետեւելու, որպեսզի պետությունը թափանցիկ կերպով ծախսի բյուջետային միջոցները»,- ասաց նա:
ՀՅ Դաշնակցությունից Ազգային Ժողովի պատգամավորը նաեւ հույս հայտնեց, որ այն երիտասարդները, ովքեր միավորվել են նման Միության կազմում, աշխատելու են ի բարօրություն երկրի, «հակառակ դեպքում նման կառույց ստեղծելն իմաստ չէր ունենա»:
Արա Նռանյանը հաղորդեց, որ երիտասարդ ձեռնարկատերերը երկրի խորհրդարանում տնտեսության ու ձեռնարկատիրական միջավայրի առօրյա հարցերը բարձրացնելու առաջարկով դիմել են մի շարք պատգամավորների: «Իսկ մենք` պատգամավորներս, մեր կողմից արդեն քննարկել ենք այդ հարցը եւ որոշել, որ բարձրացնելու ենք միայն այն հարցերը, որոնք վերաբերում են ողջ հասարակությանը, ողջ երկրին, որոնք օբյեկտիվ են ու չեն ծառայում այս կամ այն պաշտոնատարի կամ ձեռնարկատիրոջ շահերին»,- նշեց նա: