16 դեկտեմբերի 2009 - 20:22 AMT
Աստղաֆիզիկայի միջազգային 14-րդ օլիմպիադայից պատանի աստղագետները վերադարձել են ոսկի շահած
Հայ պատանի աստղագետներ Հայկ Հակոբյանն ու Հայկ Ստեփանյանն աստղագիտոթյան միջազգային 14-րդ օլիմպիադայից վերադարձել են հաղթանակած:
Երկու Հայկն էլ սովորում են Երեւանի ֆիզիկամաթեմատիկական դպրոցում եւ երկուսն էլ Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, աստղագիտության ուսուցչուհի Մարիետա Գյուլզադյանի աշակերտներն են:
Օլիմպիադային մասնակցող 20 երկրների շարքում Հայաստանի ներկայացուցիչները գրավել են 2 ոսկե մեդալ, մյուս 4 ոսկե մեդալները հանձնվել են Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի ներկայացուցիչներին: Աստղագիտության միջազգային 14-րդ օլիմպիադայի արդյունքները լայնորեն լուսաբանում էին Չինաստանի ԶԼՄ-երը, որտեղ անցկացվում էր օլիմպիադան, սակայն Հայաստանում նոյեմբերի 17-ից մինչ օրս հայ պատանիների մասին ոչ մի խոսք չի ասվել:
Հայ պատանիները միջազգային օլիմպիադային առաջին անգամ մասնակցել են 1997 թ., որից հետո միջոցներ չլինելու պատճառով չեն մասնակցել մինչ 14-րդ օլիմպիադան: Այսօր այդ խնդիրը լուծված է. հանրապետական եւ միջազգային օլիմպիադաներին մասնակցելու համար հատկացվել է 44 մլն դրամ: