17 դեկտեմբերի 2009 - 14:00 AMT
ՀԲ. Տնտեսական անկումը Հայաստանում տարեկան կտրվածքով կկազմի 16-17 տոկոս
Տնտեսական անկումը Հայաստանում տարեկան կտրվածքով կազմում է 16-17 տոկոս, դեկտեմբերի 17-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը: «2009 թվականը շատ ծանր էր Հայաստանի համար, քանի որ երկիրն իր վրա զգաց համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը, սակայն Հայաստանն արդեն անցել է անկման կրիտիկական կետը եւ այժմ վերականգնման միտում է նկատվում»,-ասել է նա:
Ըստ նրա, դրա մասին են վկայում նաեւ դրական միտումները, որոնք առկա են համաշխարհային տնտեսության մեջ, մասնավորապես, աստիճանաբար աճում են պղնձի ու մոլիբդենի գները: «Եթե համեմատելու լինենք 2009թ. հուլիս-սեպտեմբերի գները 2008թ. նույն ժամանակահատվածի հետ, ապա կարելի է ասել,որ որոշակի աճ է նկատվում»,-ասել է ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը:
Ա.Վարուդակիսը հավելել է նաեւ, որ չնայած 2009թ. շինարարության ոլորտում գրանցված մեծ անկմանը, ակտիվացում է նկատվում անշարժ գույքի շուկայում, մասնավորապես, ավելացել է այդ շուկայում կնքված գործարքների թիվը: