18 դեկտեմբերի 2009 - 16:28 AMT
ԼՂՀ բնակիչներն իրենց համարում են ոչ միայն հայեր, այլեւ Ղարաբաղի հայեր
Այսօր Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների հայաստանյան կենտրոնը (ACNIS) կազմակերպել էր կլոր սեղան, որի ընթացքում Թուրինի համալսարանի դասախոս, իտալացի գիտնականԼուկա Գուիդուչին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իր ուսումնասիրությունները:
«45 օրվա ընթացքում, որ ես անցկացրեցի Ղարաբաղում, փորձում էի հասկանալ այնտեղ ապրող մարդկանց մենթալիտետը», - ասաց Գուիդուչին: Նա նաեւ նշեց, որ նախքան ԼՂՀ ժողովրդի այսօրվա բնակիչների կյանքն ուսումնասիրելը, պետք է անցյալը հասկանալ, քանի որ այն մեծ ազդեցություն է ունեցել Ղարաբաղի այսօրվա իրավիճակի վրա:
«Ղարաբաղյան պատերազմը խստորեն ազդել է բնակչության բնավորության վրա: Այն Ղարաբաղի ժողովրդի պատերազմն էր. հայերի պատերազմը, որոնք ապրում են Ղարաբաղում», - նշել է Լուկա Գուիդուչին, ավելացնելով, որ տեղի ունեցած պատերազմը հատուկ նշանակություն ունի Ղարաբաղի բնակչության համար, քանի որ այն անկախության համար մղված պատերազմ էր:
Միաժամանակ նա ընդգծեց, որ ԼՂՀ բնակիչները իրենց ոչ միայն հայեր են համարում, այլեւ Ղարաբաղի հայեր: