20 դեկտեմբերի 2009 - 16:44 AMT
ՀՀ նախագահ. Ղազախստանի նախագահությունն ԵԱՀԿ-ում թույլ կտա ներկայացնել ՀԱՊԿ մոտեցումները մի շարք հարցերի վերաբերյալ
Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմաթիի մերձակա «Ակ բուլակ» համալիրում դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Գագաթաժողովին մասնակցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենիայի նախագահները:
Ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկում են ԱՊՀ տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին, առեւտրատնտեսական փոխգործակցության հետագա խորացմանը, նորաստեղծ հակաճգնաժամային հիմանդրամին, ՀԱՊԿ տարածաշրջանում անվտանգության ապահովմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:
«Առանց փողկապի» ձեւաչափով պետությունների ղեկավարների հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին` գագաթնաժողովի կազմակերպման համար, նկատելով, որ նախորդ տարի դեկտեմբերին տեղի ունեցած նմանատիպ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում կայացվել են մի շարք առանցքային որոշումներ` ուղղված ինտեգրացիոն գործընթացների հետագա առաջմղմանը եւ մեր երկրների առջեւ ծառացած կոնկրետ խնդիրների լուծմանը:
Դրանք անցնող տարվա ընթացքում հաջողությամբ կյանքի են կոչվել, ադ թվում ՀԱՊԿ-ի Արագ արձագանքման ուժերի ստեղծումը եւ դրան հաջորդած զորավարժությունները, հակաճգնաժամային հիմնադրամի եւ տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման մասին որոշումները: Նախագահ Սերժ Սարգսյանը կարեււորել է համագործակցության եււ ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման աշխատանքներն, այդ թվում` ռազմաքաղաքական համագործակցության ու կադրերի համատեղ պատրաստման, անվտանգության միջավայրի հետագա ամրապնդման ուղղությամբ:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին` 2010 թ. ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: Հայաստանի Հանրապետությանն Նախագահն ընդգծել է, որ սա առաջին դեպքն է, երբ ԵԱՀԿ-ում նախագահելու է ՀԱՊԿ պետությունը եւ հավելել, որ մեր երկիրն աջակցել է Ղազախստանի նախագահության նախաձեռնությանը այն տեսլականով, որ այն հնարավորություն կընձեռի ՀԱՊԿ անդամ պետություններին առավել լսելի դարձնելու իրենց մոտեցումներն ու փաստարկները ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ համագործակցության, խաղաղության եւ անվտանգության հարցերի վերաբերյալ:
Պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը դեկտեմբերի 20-ին կավարտի աշխատանքը եւ Նախագահ Սարգսյանը կվերադառնա Երեւան, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: