21 դեկտեմբերի 2009 - 16:42 AMT
2010-ին «Յունիբանկը» 9 նոր մասնաճյուղ կբացի
Հաշվի առնելով գործունեության ծավալների աճը` «Յունիբանկը» որոշել է 2010-ի ընթացքում ինը նոր մասնաճյուղ բացել, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Ծրագրվում է մասնաճյուղեր բացել Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Դավիթաշեն համայնքներում, ինչպես նաեւ Արարատ, Տաշիր, Ագարակ, Սպիտակ ու Նոյեմբերյան քաղաքներում:
«Նոր մասնաճյուղերի բացման վայրերն ընտրվել են` հաշվի առնելով տվյալ քաղաքում կամ համայնքում այս կամ այն բանկային ծառայության պահանջարկը բնակչության մոտ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Այսօրվա դրությամբ «Յունիբանկի» մասնաճյուղային ցանցը 34 մասնաճյուղ ունի, որոնցից մեկը` «Զվարթնոց» մասնաճյուղը շուրջօրյա է աշխատում, առանց հանգստյան օրերի: