21 դեկտեմբերի 2009 - 18:07 AMT
ՀՅԴ-ն գտնում է, որ ՀՀ ղեկավարությունը շեղվել է երկրի ազգային անվտանգության ռազմավարությունից
ՀՅ Դաշնակցության աշխատանքի մեթոդը չի փոխվել: ՀՅԴ-ն աշխատում է այնպես, ինչպես աշխատում էր, երբ դեռեւս կոալիցիայի մասն էր կազմում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Մենք գտնում ենք, որ ՀՀ այս ղեկավարությունը շեղվել է երկրի ազգային անվտանգության ռազմավարությունից, եւ հենց այդ պատճառով մենք ընդդիմություն ենք դարձել»,- ասաց ՀՀ ԱԺ պատգամավորը:

Վահան Հովհաննիսյանի խոսքով, իշխանափոխությունը ՀՅԴ համար ինքնանպատակ չէ: «Մենք իշխանափոխությունն ընկալում ենք որպես մի մեթոդ, որի միջոցով մեզ կհաջողվի հասնել մեր նպատակների իրականացմանը: Մենք տեսանք այն քաղաքական ուժերի սխալները, որոնց համար իշխանափոխությունը ոչ թե միջոց էր, այլ նպատակ»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը` ավելացնելով, որ Դաշնակցությունը չի կրկնի այդ սխալը: