22 դեկտեմբերի 2009 - 18:10 AMT
Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն անարդյունավետ է ծախսել իր բյուջեն
Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ-ում տեղի է ունեցել Հայաստանի վերահսկիչ պալատի նիստը, որը վարում էր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից պետբյուջեի միջոցների ծախսման ստուգումների արդյունքների վերաբերյալ հաշվետվությամբ հանդես եկավ ՀՀ Վերահսկիչ պալատի 7-րդ վարչության պետի տեղակալ Թովմասյանը:

Ըստ Թովմասյանի, ստուգումների արդյունքում պարզվել է, որ նախարարությունն անարդյունավետ է ծախսել իր բյուջետային միջոցները` թույլ տալով կոպիտ խախտումներ: Նա ուշադրություն է հրավիրել նախարարության մանկատների շրջանավարտներին եւ երկկողմանի ծնողազուրկ երեխաներին բնակմակերեսով ապահովելու նախարարության ծրագրի վրա: Թովմասյանը նշել է, որ այդ ծրագիրն ամբողջությամբ ձախողվել է:

Թովմասյանն ասել է, որ 2009թ. բյուջեից այդ նպատակների համար հատկացվել է 301 մլն դրամ: Անդրադառնալով երկկողմանի ծնողազուրկների համար բնակարանների ձեռք բերմանը` Թովմասյանն ասել է, որ պետության հատկացված 1240 մլն դրամը վերադարձվել է բյուջե իսկ ծրագիրն ամբողջությամն ձախողվել է:

Մամլո ասուլիսի ժամանակ Վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը, պատասխանելով լրագրողների հարցին, ասել է, որ հաշվետվության նյութերը դատախազությանը փոխանցելու վերաբերյալ որոշումն ընդունում է Վերահսկիչ պալատի Խորհուրդը, որը նման որոշում չի կայացրել: