22 դեկտեմբերի 2009 - 19:45 AMT
Հայաստանը պետք է փոխի իր տնտեսական քաղաքականությունը
Եթե Հայաստանի տնտեսական քաղաքականությունը շարունակի նույն ուղղությամբ ընթանալ, ապա մենք իսկապես կդառնանք 10-20-րդ մակարդակի պետություն: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով, քաղաքական ուժերը ոչ մի փոփոխություն չեն ներմուծում երկրի տնտեսական քաղաքականության մեջ:

«Ունենալով 10 000 անօթեւան մարդ` մեր բյուջեն կարիքավորներին բնակարանի տրամադրում չի նախատեսում»,- ասաց նա` ավելացնելով, որ Սպիտակի երկրաշարժից տուժած մարդկանց մեծ մասը մինչ օրս ապահովված չէ բնակարաններով:

«Նման տնտեսական քաղաքականությամբ մենք երկիրը սնանկացման ենք տանում, քանի որ այն օրեցօր ավելացնում է աղքատ մարդկանց քանակը»,- նշեց նա: