23 դեկտեմբերի 2009 - 17:03 AMT
Հրանտ Դինքի առաջին գրքի` «Երկու մոտ ժողովուրդներ, երկու հեռու դրացիներ», շնորհանդեսը տեղի ունեցավ Երեւանում
Երեւանում տեղի ունեցավ հայ-թուրքական «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի առաջին գրքի շնորհանդեսը:

«Հայաստանում Հրանտ Դինքին չգիտեն, գիտեն միայն նրա ողբերգական մահվան մասին: Այս գիրքը հնարավորություն կտա մարդկանց ճանաչել նրան ոչ միայն որպես մարդու, այլեւ որպես լրագրող, հրապարակախոս, ինչպես նաեւ ուսումնասիրել նրա մտքերը հայ-թուրքական հարաբերությունների մասին», - դեկտեմբերի 23-ին շնորհանդեսի ժամանակ ասաց թուրքագետ, գրքի թարգմանիչ Մկրտիչ Սոմունջյանը:

Թուրքիայում գիրքը լույս է տեսել 2008 թ. եւ Մկրտիչ Սոմունջյանի ջանքերի շնորհիվ այն թարգմանվեց հայերեն ու Հայաստանում կազմակերպվեց շնորհանդեսը: «Ես երկար էի փնտրում այս գիրքը, բայց անարդյունք: Եվ միանգամայն պատահականորեն գրախանութներից մեկում հանդիպեցի Հրանտ Դինքի եղբորը` Երվանդին, նա էլ ինձ օգնեց Հայաստանում գիրքը հրատարակել», - պատմեց Մ. Սոմունջյանը:

Չնայած որ գիրքը գրվել է դեռեւս 2003-2004 թթ., երբ հայ-թուրքական հարաբերություններն այսքան գործուն չէին, սակայն գրքի յուրաքանչյուր տողը արտահայտում է այսօրվա իրադարձությունները, նշում էին փորձագետները:

Այս թարգմանությունը «Երկու մոտ ժողովուրդներ, երկու հեռու դրացիներ» գրքի առաջին մասն է: Երկրորդ մասը հրատարակվել է մոտավորապես երկու ամիս առաջ` Թուրքիայում:
Հայաստանում գրքի վաճառքից ստացած հասույթը կօգտագործվի բարեգործական նպատակներով` գումարը կտրվի Հայաստանի մանկատներին: