11 փետրվարի 2002 - 22:50 AMT
ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ-ՀՈՒՆԱՍՏԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԸ ԿԳՈՒՄԱՐՎԻ ԵՐԵՒԱՆՈՒՄ
Փետրվարի 13-ին Երեւանում իր աշխատանքը կսկսի Հայաստան-Իրան-Հունաստան եռակողմ համագործակցության գործադիր կոմիտեի հերթական, թվով վեցերորդ նիստը: Պատվիրակությունները կգլխավորեն Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Արմեն Մարտիրոսյանը, ԻԻՀ արտաքին քաղաքական գեչատեսչության ղեկավարի տեղակալ Մոհամմադ Ադելին եւ Հունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղար Գեորգիս Սավադիսը: Գործադիր կոմիտեի նիստին նախատեսվում է քննարկել Իրան-Հայաստան գազամուղի շինարարության նախագծի իրականացման աշխատանքների ընթացքը: Այդ շինարարությանը մասնակիորեն կմասնակցի նաեւ հունական կողմը: Կշոշափվեն նաեւ տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը, էներգետիկայի ոլորտում գործակցության ընդլայնմանը, Իրանի ածխահանքերի յուրացման մեջ գործընկերությանը, ինչպես նաեւ տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հնարավորությանն առնչվող հարցեր: Նիստի ավարտին կստորագրվի փոխըմբռնման մասին հուշագիր: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: