25 դեկտեմբերի 2009 - 13:02 AMT
Պրեսկոտի եւ Կոլոմբիեի զեկույցում ոչ մի նոր բան չկա
«Ես չգիտեմ, ինչու նման աժիոտաժ առաջացավ ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում Պրեսկոտի եւ Կոլոմբիեի զեկույցի հրապարակման շուրջ, քանի որ այնտեղ «բացահայտումներ» չկան»,-մամլո ասուլիսում ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

Նրա խոսքերով, այն ամենն, ինչ ասվում է Պրեսկոտի եւ Կոլոմբիեի զեկույցում, նորություն չէ: «Այդ մասին մենք միշտ ենք ասել, ասել ենք, որ մինչ օրս չեն պարզվել մարտի 1-ի 10 մահացածների մահվան հանգամանքները, չեն բացահայտվել մեղավորները, ինչն իրենց զեկույցում շեշտադրել են ԵԽԽՎ պատգամավորները»,-ասել է օմբուդսմենը:

Օմբուդսմենը դիմել է ինչպես ընդդիմությանը, այնպես էլ իշխանություններին` նշելով, որ պետք չէ խոսել «2008թ. մարտի 1-ի իրադարձությունների էջը փակելու կամ բացելու մասին»: «Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները ցանկանում են փակել այդ էջ, իսկ ընդդիմությունը ցանկանում է այն բաց թողնել: Նման մոտցեումն անընդունելի է, քանի որ մարտի 1-ի իրադարձություններն այն էջը չեն, որը կարելի է փակել կամ բացել: Այն միշտ մնալու է մեր հիշողության մեջ, որից պետք է համապատասխան եզրակացություններ անել»,-ասել է Արմեն Հարությունյանը: