25 դեկտեմբերի 2009 - 15:53 AMT
ՀՅԴ. Հայ-թուրքական գործընթացում իրավիճակը դուրս է վերահսկողությունից
Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները ստորագրելով, արդեն կանխորոշել էր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ուղին: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: «Այսօր ՀՅԴ-ին մտահոգում է Հայաստանի արտաքին քաղաքականության երկու հարց` հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը: Հայաստանն արդեն կատարում է արձանագրությունների վավերացման պարտավորությունները, ինչը ամենամեծ ձախողումն է», - ասել է պատգամավորը:

Մեկնաբանելով այն հարցը, որ արձանագրությունների վավերացումը Թուրքիայի խորհրդարանի կողմից ձգձգվելու դեպքում հնարավոր է, որ Հայաստանը այն հայտարարի անվավեր, Արմեն Ռուստամյանը ասել է, որ այդ հայտարարությունները վկայում են այն մասին, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից եւ այսօր գործընթացի ուղին թելադրում է Անկարան:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Հայաստանի ՅԴ ԳՄ ներկայացուցիչն ասել է, թե Հայաստանը համաձայնել է, որ մինչեւ փաստաթուղթը հասարակությանը ներկայացնելը ԼՂՀ ներկայացուցիչները չմասնակցեն բանակցություններին: