25 դեկտեմբերի 2009 - 15:59 AMT
Հայերը միշտ մեծ դեր են խաղացել Եգիպտոսի կյանքում
Հայերը սկսեցին հեռանալ Եգիպտոսից անցյալ դարի հիսունական թվականներին, երբ իշխանության եկավ Գամալ Աբդել Նասերը: Նա ազգայնացում հայտարարեց, եւ հայերը սնանկանալուց փրկվելու համար ստիպված էին այլ երկրներ մեկնել` հիմնականում օվկիանոսից այն կողմ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին պատմեցին Եգիպտոսի հայկական համայնքում, մինչեւ 1952թ. Կահիրեում եւ Ալեքսանդրիայում մոտ 60 հազար հայ է բնակվել, որոնցից մոտ կեսը բնակվում էր Ալեքսանդրիայում: Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանի խոսքով, հայերը միշտ մեծ դեր են խաղացել Եգիպտոսի հասարակական-քաղաքական ու մշակութային կյանքում: «Բավական է հիշել, որ Կահիրեից են նկարիչներ Հակոբ Հակոբյանը, դերասանուհի Սիրանույշը, որը թաղված է Կահիրեի հին հայկական գերեզմանոցում եւ շատ ուրիշներ: Էլ չենք խոսում այն մասին, որ երկրի առաջին վարչապետը նույնպես հայ է եղել` Նուբար-փաշա Նուբարյանը»,- նշեց դեսպանը` ավելացնելով, որ եգիպտացիները շատ լավ են վերաբերվում հայերին:

ՀԱԵ Եգիպտական թեմի առաջնորդ, եպիսկոպոս Աշոտ Մնացականյանն իր հերթին ընդգծեց, որ հայերը միշտ ակներեւ դեր են խաղացել իսլամական երկրներում` Լիբանանում, Սիրիայում, Հորդանանում, Իրանում, անգամ Թուրքիայում, որտեղ հայերը գրեթե զուրկ են իրավունքներից: «Այժմ, ցավոք, համայնքը խիստ նվազել է, հայերն ընդամենը մոտ 2000 հոգի են: Բայց մենք ակտիվ կյանք ենք վարում: Պատրաստվում ենք կարգի բերել Հին քաղաքում գտնվող հին հայկական գերեզմանը»,- նշեց թեմի առաջնորդը: