25 դեկտեմբերի 2009 - 19:09 AMT
Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարաններով ապահովելու նպատակով կստեղծվի եւս մեկ հիփոթեքային հիմնադրամ
Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարաններով ապահովելու պետական ծրագրի իրականացումը մեր օրակարգային կարեւորագույն խնդիրներից է, եւ ուզում եմ ձեզ զեկուցել, որ երեկ նախարարական կոմիտեի նիստում հավանության է արժանացել հայեցակարգը, որը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության եւ Կենտրոնական բանկի համատեղ ջանքերով, եւ 2010-ի առաջին եռամսյակից կաշխատի մի նոր հիմնադրամ, որը հիփոթեքային էժան եւ հասանելի, երկարաժամկետ վարկեր երիտասարդ ընտանիքներին: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ըստ վարչապետի, այս պահի դրությամբ կանոնադրական կապիտալը, որը մենք ծրագրավորել ենք, կազմում է 3 մլրդ դրամ եւ ենթադրվում է, որ մինչեւ 15 տարով կարող ենք տրամադրել հիփոթեքային վարկեր 16 մլն դրամի շրջանականերում երիտասարդ ընտանիքներին: Հայեցակարգը ՀՀ կառավարության մոտակա նիստերում կհաստատվի, եւ հուսով ենք, որ առաջին եռամսյակում աշխատանքները այդ հիմնադրամը կծավալի: Երկրորդ ուղղությունը այն հիմնադրամն է, որը ստեղծվեց 2009-ին` 12 մլրդ դրամ կապիտալով: «Այս պահի դրությամբ ունենք 1 մլրդ 600 մլն-ի տրամադրված հիփոթեքային վարկեր, եւ մինչեւ տարվա վերջ այս ցուցանիշը կավելանա, եւ 2010 թվականին հիփոթեքային հիմնադրամը լայնածավալ հիփոթեքային վարկեր է տրամադրելու, այդ թվում նաեւ երիտասարդ ընտանիքներին: Այնպես որ հուսով ենք, որ 2010-ին մեր երիտասարդ ընտանիքները կօգտվեն այս հնարավորությունից, մանավանդ որ սա այն կարեւոր պարտավորությունն է, որ մենք ստանձնել ենք, որը նշված է նաեւ ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում»,-ասել է Տ.Սարգսյանը:

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպությունը գրանցվել եւ արտոնագիր է ստացել ՀՀ ԿԲ 2009թ. հւնիսի 16-ի որոշմամբ: Այս ընկերության հիմնական նպատակը հիփոթեքային շուկայի զարգացումն է Հայաստանում, ինչպես նաեւ հասանելի հիփոթեքային վարկերի մատչելիության ապահովումը բնակչության համար: