25 դեկտեմբերի 2009 - 20:16 AMT
Դեկտեմբերի 26-ին տեղի կունենա Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» եւ «Հանապազ լույսի ճանապարհով» գրքերի շնորհանդեսը
Դեկտեմբերի 26-ին տեղի կունենա հայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» եւ «Հանապազ լույսի ճանապարհով» գրքերի շնորհանդեսը:
Հանդիպման ընթացքում կներկայացվի Վ.Չալդրանյանի «Մաեստրո» ֆիլմի նկարահանման աշխատանքների հետ կապված մանրամասներ, հատվածներ ֆիլմից:
«Հանապազ լույսի ճանապարհով» եւ «Ձայն լռության» գրքերը Վ.Չալդրանյանի կյանքի եւ ստեղծագործական ուղու խճանկար-համայնապատկերն են, որտեղ զետեղված են հեղինակի «Ձայն լռության կամ 6-րդ պատվիրանը» պիեսը: Գրքում ներառված են հայերեն, ռուսերեն եւ անգլերեն հոդվածներ` տպագրված հայաստանյան եւ այլ թերթերում:
Վիգեն Չալդրանյանը ծնվել է 1955թ. դեկտեմբերի 26-ին Երեւանում: 1975թ. ընդունվում է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտ: Ավարտելով դերասանական բաժինը` տեղափոխվում է նույն ինստիտուտի թատրոնի ռեժիսուրայի բաժինը: Այնուհետեւ ուսումը շարունակում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժնում, որտեղ 1978թ. նկարահանում է իր առաջին կարճամետրաժ կինոնկարը` «Ոսկին ծիծաղում է»` Ջ.Լոնդոնի պատմվածքի մոտիվներով: 1998-1999թթ. եղել է ՀՀ մշակույթի, երիտասարդության եւ սպորտի փոխնախարար:
Վ.Չալդրանյանի ֆիլմերն արժանացել են Միշել Լեգրանի անվան գլխավոր, «Ոսկե արծիվ» եւ բազմաթիվ այլ մրցանակների եւ դիպլոմների: