9 հունվարի 2010 - 17:22 AMT
Լեւոն Տեր-Պետրոսյան. «Հնչակյան կուսակցությունը մեծ ներդրում ունի ՀԱԿ-ի ստեղծման գործում»


Հունվարի 9-ին Երեւանում տեղի ունեցած ՍԴ հնչակյան կուսակցության հայաստանյան ներկայացուցչության 7-րդ համագումարում ելույթ ունեցավ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Տեր-Պետրոսյանի խոսքերի համաձայն, իրենց ղեկավարած ազգային շարժումն ավելի ու ավելի է ընդարձակվում, եւ խոսք լինել չի կարող այդ պայքարի անհաջողության մասին: «Մեր պայքարի մարման պատճառը կարող է լինել միայն Հայաստանի իշխանությունների հաջողությունը, սակայն վերջին երկու տարիների ընթացքում երկրի ղեկավարությունը գրանցել է միայն պարտություններ եւ անհաջողություններ», - նշել է ՀԱԿ առաջնորդը:

ՍԴՀԿ մասին խոսելով, Լեւոն Տեր-Պետրոսյանը բարձր է գնահատել նրա ներդրումը Հայ ազգային կոնգրեսի ստեղծման եւ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավը կազմակերպելու գործում: «Ես լավ գիտեմ Հայաստանում Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ստեղծման պատմությունը եւ վստահորեն կարող եմ ասել, որ այս քաղաքական ուժը հասել է իր ճանաչման բարձրակետին վերջին երկու տարիների ընթացքում», - ավելացրել է Հայաստանի առաջին նախագահը: Նա նաեւ նշել է, որ ներկայում տարվող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում կուսակցությունը ճիշտ դիրքորոշում ունի, քանի որ նա արդեն ասել է իր վճռական «ոչը» այդ հարցի վերաբերյալ: Լ. Տեր-Պետրոսյանը նաեւ հույս է հայտնել, որ ՍԴՀԿ-ն ուժ կգտնի ներքին տարաձայնությունները լուծելու համար եւ ակտիվորեն կհամագործակցի ՀԱԿ-ի հետ: