«Ցանկացած ցույց կամ բողոքի ակցիա, ներառյալ ՀՅ Դաշնակցության այսօրվա միջոցառումը, որը նպատակ ունի ազդելու ՀՀ Սահմանադրական Դատարանի վճռի վրա, անընդունելի է, քանի որ Հայաստանի դատական համակարգը իշխանության անկախ մարմին է հանդիսանում»,- այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:
Պատգամավորի խոսքով, Դաշնակցության ակցիան ընդունելի ու հասկանալի կլինի միայն այն դեպքում, եթե ուղղված լինի իրենց տեսակետին հասարակայնության ուշադրությունը հրավիրելուն: «Ես չեմ կարող ասել, թե արդյոք այդ ակցիան կազդի Սահմանադրական Դատարանի որոշման վրա, բայց պարզ է մի բան. ներկա պահին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում գնդակը Թուրքիայի դաշտում է գտնվում: Եթե թուրքական խորհրդարանը առանց նախապայմանների վավերացնի Արձանագրությունները, ապա Հայաստանը նույն կերպ կվարվի»,- նկատեց Սաֆարյանը:
Նա նշեց նաեւ, որ եթե Թուրքիան Արձանագրությունների վավերացման համար նախապայմաններ դնի, ապա Հայաստանը համարժեք պատասխան կտա միջազգային իրավունքի շրջանակներում: