11 հունվարի 2010 - 16:19 AMT
Ֆինանսական ճգնաժամը կարող է աշխարհի ամենաաղքատ երկրների միլիոնավոր երեխաների զրկել կրթության հնարավորությունից


Հունվարի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան հանրությանը կներկայացնեն Կրթություն բոլորի համար խորագրով համաշխարհային զեկույցը 2010թ. համար, որտեղ նախազգուշացում կա ֆինանսական ճգնաժամի հետեւանքների մասին: Ըստ զեկույցի, ինչպես հաղորդում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամլո ծառայության, ֆինանսական ճգնաժամը կարող է աշխարհի ամենաաղքատ երկրների միլիոնավոր երեխաների զրկել կրթության հնարավորությունից:

«Մենք գտնվում ենք մեր ստանձնած կարեւորագույն պարտավորությունների` մինչեւ 2015թ. հասանելի դարձնել կրթությունը բոլորի համար, տապալման եզրին: Ճգնաժամի հետեւանքները սպառնում են արգելակել կամ նույնիսկ ի չիք դարձնել ձեռք բերված առաջընթացը հիմնարար կրթության ոլորտում որոշ ամենաաղքատ երկրներում, այդպիսով նպաստելով երեխաների «կորսված» սերնդի առաջացմանը: Կառավարությունները պետք է վճռական միջոցներ ձեռնարկեն այդ վտանգը կանխելու համար»,-հայտարարել է զեկույցի տնօրեն Քեվին Ուոտկինսը:

2010թ. զեկույցը գնահատում է այն աշխատանքը, որ կատարվել է այդ ուղղությամբ, առանձնակի ուշադրության արժանացնելով այն միլիոնավոր երեխաներին, որոնց համար դպրոցը դեռեւս անհասանելի է մնում: Զեկույցում նշվում է, որ հավանաբար վիճակը շտկելու համար պահանջվող ծախսերը գերազանցեն նախկինում կատարված հաշվարկները:

Զեկույցը պատրաստվում է ամեն տարի, նպատակ ունենալով գնահատել առաջընթացը «Կրթություն բոլորի համար» ծրագրով նախատեսված վեց նպատակների ուղղությամբ այն 160 երկրներում, որոնք պարտավորություններ են ստանձնել 2000թ.: