11 հունվարի 2010 - 17:18 AMT
Today's Zaman. «Հայ-թուրքական հաշտեցումը փակուղի է մտել»


Հայ-թուրքական հաշտեցման գործընթացը փակուղի է մտել, եւ միայն հեռատես քաղաքագետները կարող են այն փրկել: Այս մասին գրում է թուրքական Today's Zaman թերթի մեկնաբան Օմեր Թաշպինարը: «Ցյուրիխում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների ստորագրման օրվանից անցել է արդեն երեք ամիս: Սակայն ակնհայտ էր, որ գործընթացը հեշտ չէր լինելու, այս մտավախությունը հաստատվեց արձանագրությունները ստորագրելու արարողության օրը», - ասվում է հոդվածում:

Թուրք մեկնաբանն ընդգծում է, որ գործընթացի հենց սկզբից խոչընդոտներ են եղել եւ հիշեցնում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որով հայ-թուրքական սահմանի բացումը վարչապետը կապում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Օմեր Թաշպինարը գրում է, որ թուրք վարչապետի այդ դիրքորոշումը հիմնված է Թուրքիայի ներքին քաղաքականության հետ, ինչպես նաեւ հայ-թուրքական մերձեցման առիթով Բաքվի կոշտ դիրքորոշման հետ:

Մեկնաբանի կարծիքով Հայաստանում իրավիճակը նույնպես բարդ է եւ Երեւանը մտադրություն չունի հրաժարվելու Լեռնային Ղարաբաղը վերահսկելուց: «Այս ամենը հաշվի առնելով, որոշվում է ճնշում գործադրելու չափը, որ կարող է իրականացնել Սերժ Սարգսյանի վարչակազմը: Օրեցօր աճող ներքին անհանդուրժողականության, սփյուռքի կողմից ճնշման եւ Անկարայում բացասական վերաբերմունքի ֆոնի վրա անակնկալ չի լինի, եթե Երեւանը որոշի վերաիմաստավորել Թուրքիայի հետ ներկա գործընթացը», - գրում է մեկնաբանը: